Արդշինբանկն ամփոփել է 2019 թվականի գործունեության արդյունքները | ardshinbank

Արդշինբանկն ամփոփել է 2019 թվականի գործունեության արդյունքները

2019 թվականին Արդշինբանկը պահպանել է իր դիրքերը ՀՀ բանկային համակարգի առաջատարների շարքում բոլոր հիմնական ցուցանիշներով: Բանկի ակտիվները հատել են 720 մլրդ դրամի շեմը, ընդհանուր պարտավորությունները կազմել են 644 մլրդ դրամ: Արդշինբանկի ակտիվների կառուցվածքում հաճախորդներին տրված վարկերը կազմել են 467 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց տրամադրած սպառողական վարկերը 2018 թվականի համեմատությամբ աճել են 46%-ով կամ 22 մլրդ դրամով, իսկ հիփոթեքային վարկերը՝ 24%-ով կամ 11 մլրդ դրամով: Տնտեսության բիզնես ոլորտներում 2019 թվականին Բանկն իրականացրել է 285 մլրդ դրամ ծավալով վարկավորում, որում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն արդյունաբերության և առևտրի ոլորտին տրամադրած վարկերը, հաջորդում է ծառայությունների ոլորտը՝ 37% կամ 18 մլրդ դրամ ծավալային աճով: 

Բանկի ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում ժամկետային և ցպահանջ ավանդները կազմել են շուրջ 400 մլրդ դրամ, 2018 թվականի համեմատությամբ աճը կազմել է 7.6 % կամ 30 մլրդ դրամ:

Բանկի զուտ շահույթը 2019 թվականին կազմել է 9,9 մլրդ դրամ:

Արդշինբանկը 2019 թվականին շարունակել է մնալ հուսալի և վստահելի օտարերկրյա գործընկերների համար՝ ապահովելով թափանցիկ, բաց գործունեություն: Տարեկան արդյունքներով միջազգային գործւնկերներից ներգրաված միջոցները կազմել են ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար, որոնք ուղղվել են տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող հաճախորդների վարկավորմանը:

Արդշինբանկի 2019 թվականի ձեռքբերումներից են միջազգային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշերը. 2019 թվականին Fitch-ը վերահաստատել է Արդշինբանկի «B+» վարկանիշը` «կայուն» կանխատեսմամբ, իսկ Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը, հեռանկարը գնահատել է կայուն՝ հաստատելով այն հավասար Հայաստանի Հանրապետության բարձրացված վարկանշային մակարդակին:

2019 թվականին հեղինակավոր «Global Finance» միջազգային ամսագրի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի բանկ» և «Տարվա լավագույն բանկ»: Բանկը «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին է արժանանում 6-րդ տարին անընդմեջ, իսկ Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» մրցանակին՝ երկրորդ անգամ, ինչը բանկային գործունեության ամենաբարձր գնահատականներից է: Մրցանակները վկայում են Արդշինբանկի գործունեության զարգացման ճիշտ վեկտորի, հուսալի, կայուն և արդյունավետ գործունեության մասին: 2019 թվականին ստացած պարգևների ցանկը ներառում է նաև գերմանական «Commerzbank»-ի Trade Finance AWARD 2018 մրցանակը և Միջազգային ներդրումային բանկի մրցանակը՝ որպես «Ամենաակտիվ թողարկող բանկ Հայաստանում»:

Արդշինբանկը 2019 թվականին վերաբացեց 12 արդիականացված մասնաճյուղ: Այսօր Բանկն ունի 63 մասնաճյուղ և մարզերում մասնաճյուղերի քանակով առաջին տեղն է զբաղեցնում բանկային համակարգում: Բանկի Մոբայլ Բանկ հավելվածից ակտիվ օգտվում են 60,000 հաճախորդներ, հավելվածով իրականացվող գործարքները համարժեք են թվով հինգ մասնաճյուղերի շրջանառության հետ:

2020 թվականին Արդշինբանկը կշարունակի մնալ Հայաստանում արտաքին առևտրի ֆինանսավորման առաջատար բանկերից և արդյունավետորեն կաջակցի մեր երկրի արտահանողներին ու ներկրողներին արտաքին առևտրի ֆինանսավորման ոլորտում: Բանկը կշարունակի աջակցել Հայաստանի տնտեսության իրական հատվածի խոշորագույն բիզնես ծրագրերին, ինչպես նաև իր ակտիվ քաղաքականությունը հիփոթեքային և սպառողական վարկավորման ոլորտում՝ փորձելով ստեղծել հաճախորդների համար առավել հարմար պայմաններ: Արդշինբանկը նախատեսում է շարունակել իր մասնաճյուղերի արդիականացման գործընթացը՝ հանրապետության նաև ամենահեռավոր շրջանների բնակչության համար ապահովելով սպասարկման ժամանակակից և առավել հարմարավետ պայմաններ:

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One