Արդշինբանկն ամբողջովին արդիականացրել է իր մասնաճյուղերը Հրազդանում և Դիլիջանում | ardshinbank

Արդշինբանկն ամբողջովին արդիականացրել է իր մասնաճյուղերը Հրազդանում և Դիլիջանում

Մարտի 31-ից Հրազդան և Դիլիջան քաղաքների բնակիչները կսպասարկվեն Արդշինբանկի նորացված, ժամանակակից մասնաճյուղերում: Մասնաճյուղերում ամենակարևորը վերանորոգումը չէ, այլ հաճախորդների սպասարկման նոր հարմարավետ պայմանները, ինքնասպասարկման համար հատկացված 24/7 հատվածը, և մոտեցումը՝ անգամ ամենահեռավոր մարզերի բնակիչներին և տարածաշրջանի բիզնեսներին հասանելի դարձնել բանկային բոլոր ծառայությունները: Հանդիսավոր բացմանը ներկա էին բանկի ղեկավարները, պաշտոնյաներ, հաճախորդներ:

Ողջույնի խոսքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մասնավորապես նշեց, որ Տավուշի մարզը բիզնեսի զարգացման մեծ հնարավորություններ ունի, որն անհնար է իրականացնել առանց ֆինանսական գործիքների. «Մենք հսկայական ներդրումային ծրագերի հնարավորություն և ներուժ ունենք, և շատ կարևոր է բիզնեսի և բանկի համագործակցությունը:  Արդշինբանկի ներդրումը և վերանորոգված մասնաճյուղի բացումը դիտարկում ենք ոչ միայն որպես մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, այլ նաև նոր բովանդակության ներմուծում և ռեգիոնալ զարգացման հնարավորություն՝ հատկապես բիզնեսին ուղղված»:

Նորացված մասնաճյուղերը կգործեն Հրազդանում՝ փ. Սպանդարյան 5/1 (երկուշաբթի - ուրբաթ 09: 15-16:45), Դիլիջանում՝ փ. Մյասնիկյան 60 (երկուշաբթի - ուրբաթ 09: 15-16:45) հասցեներում:

Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ - վարչության պետ Արսեն Թամազյանը շնորհակալություն հայտնեց Հրազդան և Դիլիջան մասնաճյուղերի հաճախորդներին համագործակցության, ցուցաբերած վստահության և հավատարմության համար` նշելով. «Մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ, անկախ նրանից, որ մարզում է գտնվում, ստանա արագ և որակյալ սպասարկում: Մասնաճյուղային ցանցի արդիականացման լայնածավալ ծրագրի շրջանակներում վերաբացում ենք արդեն 60 մասնաճյուղերից 54-րդ և 55-րդ մասնաճյուղերը»:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը ամենամեծ ցանցերից մեկն է Հայաստանում: Այսօր բանկն ունի 60 գործող մասնաճյուղ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2021-04-01 17:09
Developed by Studio One