Արդշինբանկի 300 միլիոն դոլարի 5-ամյա եվրոպարտատոմսերի թողարկումը Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» The Banker-ի կողմից | ardshinbank

Արդշինբանկի 300 միլիոն դոլարի 5-ամյա եվրոպարտատոմսերի թողարկումը Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» The Banker-ի կողմից

 

Արդշինբանկի 300 միլիոն դոլար ծավալով եվրոպարտատոմսերի թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է Եվրոպայում լավագույնը իր տեսակի մեջ և «Տարվա գործարք» մրցանակին է արժանացել Financial Times Group-ի համաշխարհային առաջատար The Banker բիզնես ամսագրի կողմից:

The Banker-ը գրում է. «2017-2019թթ. Հայաստանի տնտեսությունը գրանցեց տարեկան 7% առողջ և կայուն տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, բանկային ոլորտը շարունակում է մնալ կայուն և լավ կապիտալացված տարածաշրջանային ստանդարտներով Հայաստանում համեմատաբար բանկային խիստ կարգավորման շնորհիվ: Երկիրը շարունակում է նաև լուծել էնդեմիկ կոռուպցիոն հիմնախնդիրները, որոնք նախկինում բացասաբար են անդրադարձել  տնտեսական զարգացման վրա: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի համաշխարհային կոռուպցիայի դասակարգման վերջին աղյուսակում Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 77-րդ տեղը 180 երկրների շարքում, ինչը զգալի է փոփոխություն է` իր նախորդ 105-րդ տեղի համեմատ:

Արդշինբանկը, լինելով Հայաստանի առաջատար բանկ, կարողացավ կապիտալացնել Հայաստանի տնտեսության և բանկային ոլորտի ամուր հիմքերը և հաջողությամբ վերականգնել իր եկամտաբերության կորը` 2020 թվականի հունվարին թողարկելով 300 միլիոն ԱՄՆ դոլարի ծավալով, 6,5%-ով 5-ամյա RegS/144 (A) ֆորմատներով առաջնային չապահովված եվրոպարտատոմսեր: Թողարկումը ստացավ Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար Ba3 և B+ վարկանիշներ Moody's-ի և Fitch-ի կողմից` արտացոլելով Բանկի կանոնավոր դիրքերը, բարձր եկամտաբերությունն ու ակտիվների որակը: Եվրապարտատոմսերի նոր թողարկումը Արդշինբանկին թույլ տվեց գրեթե կիսով չափ կրճատել իր պարտավորությունների ծախսերը, իսկ 6,5% արժեկտրոնի եկամտաբերությունն ամենացածրն է, որ երբևէ գրանցել է Հայաստանը իր  եվրոպարտատոմսերի շուկայի մասնավոր հատվածում:

Համաշխարհային ռոուդշոուի ժամանակ տեղի ունեցան հանդիպումներ Արդշինբանկի ղեկավարության և ներդրողների միջև Նյու Յորքում, Բոստոնում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում և Ցյուրիխում: Արդյունքում եվրապարտատոմսերի պահանջարկը հասավ 500 միլիոն ԱՄՆ դոլարի թվով 70-ից ավել ներդրողներով:

2014 թվականից ի վեր սա Արդշինբանկի կողմից եվրապարտատոմսերի երրորդ թողարկումն է, սակայն սույն թողարկումն իր ծավալով ամենախոշորն է: Արդշինբանկը միակ հայկական բանկն է և միակ մասնավոր կառույցը Հայաստանում, որը պարտատոմսեր է թողարկել կապիտալի միջազգային շուկաներում:

«Երբ մենք առաջին անգամ մուտք գործեցինք կապիտալի միջազգային շուկա, մեզ հաջողվեց ոչ միայն ԱՄՆ դոլարով ֆինանսներ ներգրավել, այլև բարձրացնել Բանկի հեղինակությունը համաշխարհային ներդրողների շրջանում: Եվրոբոնդերի այս հաջող և մրցանակակիր թողարկումը վկայում է վերջին տարիներին ներդրողների հետ Արդշինբանկի շարունակական աշխատանքի և վերջիններիս ներգրավման մասին: Չնայած COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած ներկա դժվարին հանգամանքներին, որոնց բախվում է բիզնեսն ամբողջ աշխարհում, մենք վստահ ենք, որ կշարունակենք ցուցաբերել գործառնական և իրացվելիության ուժեղ դիրքեր, ինչը Բանկին թույլ կտա ֆինանսավորել նոր ծրագրեր», - ասաց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:

The Banker ամսագրի «Տարվա գործարք» մրցանակը շնորհվում է համաշխարհային կապիտալի շուկայում առավել տպավորիչ ներդրումային բանկային գործարքների համար: The Banker-ը ուսումնասիրում է ֆինանսավորման հարյուրավոր գործարքներ` ընտրելով առավել հետաքրքիրներն ու համարձակները:  Թողարկման հաջողությունը խոսում է Բանկի արդյունավետ ռազմավարական զարգացման, միջազգային ստանդարտներին համապատասխանելու և թափանցիկության մասին: 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One