Արդշինբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման պայմանագիր Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ | ardshinbank

Արդշինբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման պայմանագիր Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ

Արդշինբանկը Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիր (Club Trade Finance Facility): Գործարքի մի մասը երաշխավորվել է Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո ԱԶԲ-ի կողմից տրամադրված ծածկույթով:

Այս գործարքն Արդշինբանկի հետ իրականացրած Սիթիբանկի առաջին Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիրն է: Այս գործիքի ներքո ստացված վարկային միջոցները կուղղվեն Բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդների արտահանման և ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` նպաստելով Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի` ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության և առևտրի ոլորտում իրականացվող առևտրային գործարքների ծավալների ավելացմանը:

«Մենք հպարտ ենք, որ առաջատար դիրք ենք զբաղեցնում մեր կորպորատիվ և ՓՄՁ հաճախորդներին անհրաժեշտ առևտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հարցում: Այս գործարքը ոչ միայն թույլ կտա ընդլայնել մեր հաճախորդների բազան, այլև կնպաստի Հայաստանի կայուն տնտեսական աճին», - նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բազմամյա գործընկերներ Սիթիբանկին և Ասիական զարգացման բանկին արդյունավետ համագործակցության և գործարքի բարեհաջող իրականացման համար»:

«Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել իրենց պահանջներին համապատասխան առևտրի ֆինանսավորման լավագույն գործիքները: Սիթիբանկի գործունեության աշխարհագրությունը և առևտրի ֆինանսավորման ոլորտում ունեցած փորձը հնարավորություն են տալիս մեզ խթանել զարգացող երկրների աճը և նպաստել վերջիններիս առաջընթացին,- նշեց  Չաֆիկ Հադդադը` Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանների Սիթիբանկի  Ֆինանսական կազմակերպությունների և Թղթակցային հարաբերությունների, Գանձապետարանի և Առևտրային գործիքների գծով տնօրենը: «Ձեռնարկելով Արդշինբանկի համար նախադեպը չունեցող առևտրի ֆինանսավորման այս գործարքը` մենք համագործակցել ենք ոլորտի մի շարք մասնագետների հետ, որպեսզի կարողանանք առաջարկել Բանկի առևտրի ֆինանսավորման պահանջներին համահունչ լուծումներ»:     

«Ասիական զարգացման բանկն ուրախ է, որ Արդշինբանկի և Սիթիբանկի հետ միասին մասնակցում է այս գործարքի իրականացմանը,-նշեց ԱԶԲ-ի Հարաբերությունների գծով մենեջեր Նանա Խուրոդզեն,- այս գործարքը թույլ կտա Արդշինբանկին ընդլայնել իր առևտրի ֆինանսավորման գործառնությունները` աջակցելով ավելի շատ ներմուծող և արտահանող կազմակերպություններին` այդ թվում փոքր և միջին ձեռնարկություններին, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: 2012 թվականից սկսած ԱԶԲ-ն իր Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում աջակցել է Հայաստանում շուրջ  55.9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 159 առևտրային գործարքի իրականացմանը, որից 95.6%` ուղղված ՓՄՁ-ների ֆինանսավորմանը»:  

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2017-12-15 10:36
Developed by Studio One