Արդշինբանկը ներգրավել է 35 մլն ԱՄՆ դոլար Առևտրի ֆինանսավորման նպատակով Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում | ardshinbank

Արդշինբանկը ներգրավել է 35 մլն ԱՄՆ դոլար Առևտրի ֆինանսավորման նպատակով Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում

Արդշինբանկը ներգրավել է 35 մլն ԱՄՆ դոլար Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ կնքված Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագրի (Club Trade Finance Facility) շրջանակներում: Սա երկրորդ ակումբային պայմանագիրն է ստորագրված Արդշինբանկի, Սիթիբանկի և ԱԶԲ-ի միջև, որը հստակ վկայում է նախորդ վարկի հաջողութան և վստահելի  համագործակցության մասին: Այս գործիքը կընդարձակի Արդշինբանկի կողմից միջազգային առևտրային գործարքների ծավալների ավելացման հնարավորությունը` գործարարների համար առավել հասանելի դարձնելով այն:

Մենք հպարտ ենք, մեր վաղեմի գործընկերներ Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի  հետ հաստատված ամուր փոխհարաբերություններով: Սույն գործարքը կնպաստի Արդշինբանկի առաջատար դիրքի  ամրապնդմանն՝ ուղղված ներմուծման և արտահանման ֆինանսավորման ծրագրերի հետագա իրականացմանը ,- նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը,- Ֆինանսավորումը կարևոր է ոչ միայն Բանկի, այլև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող Բանկի հաճախորդների համար, որն, ըստ էության,  հանգեցնում է նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ֆինանսական վիճակի բարելավմանը:

Սիթիբանկը ընդգծել է իր պատրաստակամությունը աջակցելու զարգացող շուկաներին` առևտրի ֆինանսավորման այս գործիքը տրամադրելով Հայաստանի  առաջատար ֆինանսական կառույցներից մեկին,- նշեց  Չաֆիկ Հադդադը` Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանների Սիթիբանկի  Ֆինանսական կազմակերպությունների և Թղթակցային հարաբերությունների, Գանձապետարանի և Առևտրային գործիքների գծով տնօրենը: Մենք հպարտ ենք Արդշինբանկի հետ ունեցած երկարաժամկետ մեր հարաբերություններով և ընդհանրապես հայկական բանկային համակարգում մեր ներգրավվածությամբ:

Ասիական զարգացման բանկն ուրախ է, որ Արդշինբանկի և Սիթիբանկի հետ միասին մասնակցում է այս գործարքի իրականացմանը,- նշեց ԱԶԲ-ի Հարաբերությունների գծով մենեջեր Նանա Խուրոդզեն,- այս գործարքը թույլ կտա Արդշինբանկին ընդլայնել իր առևտրի ֆինանսավորման գործառնությունները` աջակցելով ավելի շատ ներմուծող և արտահանող կազմակերպություններին` այդ թվում փոքր և միջին ձեռնարկություններին, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին:

2012 թվականից սկսած ԱԶԲ-ն իր Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում աջակցել է Հայաստանում շուրջ  170.56 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 601 առևտրային գործարքի իրականացմանը, որից 45%` ուղղված ՓՄՁ-ների ֆինանսավորմանը: 

Սիթիբանկը, հանդիսանալով առաջատար գլոբալ բանկ, ունի մոտ 200 միլիոն հաճախորդների հաշիվներ և գործում է ավելի քան 160 երկրում: Սիթին իր հաճախորդներին, ձեռնարկություններին, պետական մարմիններին և կազմակերպություններին տրամադրում է ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ անհատական բանկային ծառայությունների մատուցում և վարկավորում, կորպորատիվ և ներդրումային գործունեություն, արժեթղթերի բրոքերային ծառայություններ, գործարքային սպասարկում և հարստության կառավարում:

Ասիական զարգացման բանկի նպատակն է տնտեսական աճի, կայուն զարգացման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով նպաստել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում աղքատության նվազեցմանը: ԱԶԲ-ն ունի 67 հիմնադիր-անդամ, որից 48-ը տարածաշրջանից:

Հիմքում ունենալով ԱԶԲ-ի AAA վարկային վարկանիշը` Առևտրի ֆինանսավորման ծրագիրը տրամադրում է երաշխիքներ և վարկեր ավելի քան 200 գործընկեր բանկերին՝ ուղղված առևտրի աջակցությանը, ինչպես նաև Ասիայում ավելի շատ ընկերություններին ներմուծման և արտահանման գործունեության իրականացմանը: Առևտրի ֆինանսավորման հատուկ մասնագետներով և 24-ժամյա արձագանքման հնարավորությամբ, ծրագիրը հանդիսանում է առևտրի միջազգային համայնքի հիմնական գործընկերը՝ տրամադրելով արագ, հուսալի և աջակցող օժանդակություն տարածաշրջանի ամենադժվար հասանելի շուկաներում բացերը լրացնելու համար: 2009թ. սկսած Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել տարածաշրջանի ավելի քան 15,400 փոքր և միջին ձեռնարկություններին՝ ավելի քան 36 միլիարդ արժողությամբ մոտ 21,000 գործարքներում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ապրանքները, բժշկական սարքավորումները և սպառողական ապրանքները: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք ԱՖԾ ինտերնետային կայքը՝ http://www.adb.org/tfp:

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One