Արդշինբանկը կֆինանսավորի իր հաճախորդ շուրջ 3300 տարեցների համար պարենային ապրանքների ձեռքբերումը | ardshinbank

Արդշինբանկը կֆինանսավորի իր հաճախորդ շուրջ 3300 տարեցների համար պարենային ապրանքների ձեռքբերումը

Այսօրվանից սկսած Արդշինբանկը ՍԱՍ սուպերմարկետների ցանցի հետ համատեղ 76 և բարձր տարիքի իր ավելի քան 870 թոշակառու հաճախորդների տուն կհասցնի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, իսկ մարզերի ավելի քան 2400 թոշակառուների թոշակային քարտերին կփոխանցի դրամական օգնություն:

Երևանցի թոշակառուներին սննդով լի տոպրակներն անվճար տեղ կհասցնի ՍԱՍ սուպերմարկետի առաքման ծառայությունը: Բանկի աշխատակիցները նույնպես կմասնակցեն այդ գործին:  Փաթեթը կներառի մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, բուսական յուղ, պահածոյացված բանջարեղեն, ալյուր, շաքարավազ և այլ ապրանքներ: Մարզերի կենսաթոշակառուներին դրամական օգնությունը կփոխանցվի կենսաթոշակային քարտերին:

«Երկրի համար այս լարված օրերին մեր Բանկի ուշադրությունը բևեռված է տարեցների վրա, որոնք առավել ռիսկային խումբ են համարվում հատկապես Երևանում: Եվ պատահական չէ, որ նրանց լրացուցիչ նեղություն չպատճառելու համար Բանկն իր միջոցներով ձեռք է բերում առաջին անհրաժեշտության մթերքներ և այն մեր գործընկերոջ օգնությամբ հասցվում է հասցեատերերին, իսկ մարզերի՝ համապատասխան տարիք ունեցող կենսաթոշակառուներին տրվում է դրամական օգնություն: Առողջություն և համբերություն ենք մաղթում մեր հայրենակիցներին: Վստահ ենք, որ մեր բազում դժվարություններ տեսած ժողովուրդը կհաղթահարի նաև այս փորձությունը: Մենք հույս ունենք, որ այս օրերը արագ կանցնեն և կյանքը կվերադառնա իր նորմալ հուն», - մեկնաբանեց Արդշինբանկի նախագահ Արտակ Անանյանը:

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One