Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով | ardshinbank

Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով

Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է։ Սակայն այստեղ կարող են սպասարկվել նաև ֆիզիկական անձիք, նրանց համար հասանելի է Արդշինբանկի կողմից առաջարկվող բոլոր ժամանակակից ծառայությունների ամբողջական փաթեթը:

«Վարդանանց»  մասնաճյուղի հաճախորդներին առաջարկվում են ամենահասանելի և ճկուն վարկային ծառայությունները կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, վճարումների ընդունման տարբեր, այդ թվում՝ թվային POS-տերմինալներ, հասանելի են նաև աշխատավարձային նախագծերի և տարբեր տեսակի բանկային քարտերի սպասարկումը, ներսում տեղադրված բանկոմատի և վճարային տերմինալի միջոցով իրականացվող գործառույթները, բացի այդ հաճախորդները կարող են օգտվել օնլայն բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու:

Փոքր և միջին բիզնեսի տնօրեն Արթուր Հակոբյանի խոսքով, «Վարդանանց» մասնաճյուղը հետաքրքիր կլինի այն ընկերություններին, որոնք ցանկանում են ֆինանսավորում ներգրավել ավելի ճկուն մեխանիզմներով և ավելի ցածր տոկոսադրույքներով, ավելի արդյունավետ կառավարել դրամական հոսքերը և ներդնել աճի մեջ:  

«Արդշինբանկը հատուկ ուշադրություն է դարձնում ՓՄՁ ձեռնարկությունների հետ հարաբերություններին, մեզ համար դա բիզնեսի ռազմավարական սեգմենտ է և «Վարդանանց»  մասնաճյուղի բացումը ապացուցում է դա: Այն, անկասկած, բարելավում է շուկայում մեր դիրքերը և նոր խթան է մրցակցային միջավայրի զարգացման համար, ընդ որում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Բանկը մշտապես լայնացնում է ՓՄՁ ֆինանսավորման իր հնարավորությունները՝ ձեռնարկություններին առաջարկելով բազմաթիվ հետաքրքիր ծառայություններ, գործունեության ընդլայնման ու զարգացման համար ֆինանսական միջոցներ, կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր՝ հարմարեցված ՓՄՁ-երի պահանջներին, առանձնահատկություններին։ Իհարկե, մենք զարգացնում ենք հեռահար և թվային սպասարկման գործիքները, օրինակ՝ օրերս գործարկվեց ՓՄՁ վարկավորման Օնլայն հարթակը, սակայն մեր մասնաճյուղերում ևս ուրախ կլինենք դիմավորել հաճախորդներին և մատուցել որակյալ բանկային ծառայություններ», - նշում է Ա. Հակոբյանը։

Բանկը կարևորում է սպասարկման որակը և հարմարավետությունը։ Նշենք, որ նույն շենքում է գտնվում Բանկի ՓՄՁ վարկավորման կենտրոնը, որը գործող վարկային ծրագրերի, վարկային պրոդուկտների մասին բանկի հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություններ կտրամադրի և կաջակցի, կուղեկցի վարկավորման ամբողջ ընթացքում։

«Վարդանանց» մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Ղուդրունցը նշում է, որ ՓՄՁ ձեռնարկությունների վարկերը տրամադրվում են Բանկի սեփական միջոցների հաշվին, ինչպես նաև միջազգային ծրագրերի շրջանակներում. «Վարկերը տրամադրվում են դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով: Նպատակները շատ տարբեր են. հիմնական և շրջանառու  միջոցների համալրման և ձեռքբերման, վարկային պարտքի մարման, այդ թվում՝ վերաֆինանսավորման, ինչպես նաև բիզնեսի զարգացման համար: Որոշ վարկային ծառայություններ մշակվել են հատուկ արտահանողներին և ներմուծողներին օգնելու համար ընթացիկ լիկվիդայնության, մաքսային ձևակերպման, հարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձի վճարման հարցերում: Ընդ որում, հիմնական գումարի մարման համար վարկառուներին տրամադրվում է լրացուցիչ շրջան 12 ամսվա չափով, իսկ հաշվի առնելով բիզնեսի սեզոնայնությունը՝ բանկը հաճախորդի համար մշակում է հիմնական գումարի մարման անհատական գրաֆիկ»:

«Վարդանանց» մասնաճյուղը գտնվում է ք. Երևան, Վարդանանց 27 հասցեով:

Աշխատանքային գրաֆիկն է երկուշաբթիից ուրբաթ 9:15-16:45:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2023-11-17 15:53
Developed by Studio One